ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե Իրանի լծակները տեսանելի չեն, չի նշանակում, որ պակաս ազդեցիկ են»

«Եթե Իրանի լծակները տեսանելի չեն, չի նշանակում, որ պակաս ազդեցիկ են»
07.11.2008 | 00:00

«ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՄԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԷԼ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԻ»
Թեհրանում վերջերս կայացած միջազգային կոնֆերանսի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացի հետ կապված Իրանի հնարավոր դիրքորոշումները պարզաբանում է վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ։
-Պարոն Շաքարյանց, վերջին օրերին մասնակցեցիք Թեհրանում անցկացված միջազգային մի կոնֆերանսի։ Ի՞նչ միջոցառում էր և ի՞նչ նպատակով էր հրավիրված։
-Քառօրյա միջազգային կոնֆերանս էր, որը Թեհրանում գումարվում է արդեն տասնվեց տարի։ Այս անգամ այն նվիրված էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում անվտանգության ու համագործակցության խնդիրներին, և իբրև թեմա էր ընտրված տարածաշրջանային հակադրության դրսևորումները, հնարավոր մարտահրավերները ու թե ինչպես խուսափել դրանցից։ Մասնակցում էին փորձագետներ եվրոպական մի շարք երկրներից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Հայաստանից։ Անշուշտ, միջոցառման կազմակերպիչների, այսինքն՝ իրանական կողմի նպատակներից մեկն էլ այն էր, որ հնչեցվեին Թեհրանի հնարավոր դիրքորոշումները՝ տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված։
Հարկ է նշել, որ Վրաստանը շատ լուրջ հետաքրքրություն էր ցուցաբերել այդ միջոցառման նկատմամբ։ Ներկա էին Վրաստանի յոթ ներկայացուցիչներ (Հայաստանից՝ երկուսը), չհաշված Թեհրանում վրացական դեսպանատան աշխատակիցներին։ Ի տարբերություն դրա, առհասարակ ներկայացված չէր ադրբեջանական կողմը, թեպետ կազմակերպիչները նրանց հրավեր ուղարկել էին, բայց միջոցառման ժամանակ առիթ չունեցանք տեսնելու նույնիսկ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան որևէ ներկայացուցչի։
-Քանի որ տարածաշրջանային հիմնախնդիրներն էին քննարկվում, ինչպիսի՞ անդրադարձ եղավ ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, կարգավորման գործընթացի ներկա ակտիվ փուլին։
-Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադարձան ոչ միայն Հայաստանի, այլև մյուս երկրների ներկայացուցիչները։ Օրինակ, եվրոպացիների վերաբերմունքը, եթե նկատի ունենանք Գերմանիայի, Շվեդիայի ներկայացուցիչների ելույթները, բավականին բացասական նրբերանգներով ներկայացվեց։
-Իսկ ֆրանսիական դիրքորոշո՞ւմը։
-Քանի որ Ֆրանսիան ներկայացված չէր կոնֆերանսում, այդ դիրքորոշումը «լրացնում» էին Իտալիան, Սերբիան, որոնց արտահայտած տեսակետները մեր հիմնախնդրի հետ կապված, անշուշտ, ավելի բարենպաստ էին։ Երկակի էր ամերիկա-բրիտանական դիրքորոշումը. եթե նրանց ներկայացուցիչներից մեկը մեր տեսանկյունից խիստ բացասական կարծիք էր արտահայտում, ապա մյուսը հաջորդ ելույթով փորձում էր հավասարակշռել դա՝ ավելի բարենպաստ տեսակետ ներկայացնելով։
-Այնուհանդերձ, մեզ համար ավելի հետաքրքիր է կազմակերպիչների դիրքորոշումը։
-Որքան էլ տարօրինակ է, ադրբեջանական ներկայացուցիչների բացակայության պայմաններում իրանական կողմը խուսափում էր այդ թեմայով արտահայտվելուց, մինչև այն եվրոպացիների նախաձեռնությամբ չմտավ շրջանառության մեջ։ Իրանի ներկայացուցիչը ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձավ առանց կոնկրետացնելու, բայց հատուկ ընդգծվեց, որ Իրանն այս տարի միջնորդության առաջարկ է ուղղել Հայաստանին ու Ադրբեջանին, իսկ Երևանն ու Բաքուն առայժմ չեն արձագանքել։ Սա կարելի է համարել Իրանի առաջին հայտն այն առումով, որ ասպարեզում, ռուսական միջնորդությունից բացի, կարող են լինել և այլ նախաձեռնություններ։
Կոնֆերանսի վերջին օրն Իրանի փոխարտգործնախարարը ելույթ ունեցավ և խոստացավ առաջիկա օրերին հնչեցնել Իրանի նոր դիրքորոշումները Կովկասում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Դրանով, ես կարծում եմ, իրանական կողմը, նկատի ունենալով ԱՄՆ-ում Բարաք Օբամայի հաղթանակի փաստը, իր համար կարծես տարածություն նվաճեց՝ այն հարցերում տեսակետ հայտնելու վերաբերյալ, որոնց կապակցությամբ հիմնական խոսակցությունը ծավալվում էր ոչ թե դահլիճում, այլ կուլիսներում։
-Եվ ի՞նչ էր խոսվում կուլիսներում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով։
-Որքան կարողացել եմ հասկանալ տարբեր շփումներից, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս համատեքստում Իրանի համար այնքան կարևոր չէ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, որքան այն, որ դրա արդյունքում, այդ թվում` ԼՂ հակամարտության շփման գծում, չհայտնվեն որևէ երրորդ երկրի զինված ուժերը։ Ցանկացած դրոշի տակ։
-Այդ թվում՝ ռուսակա՞ն խաղաղապահները։
-Այո՛, նաև ռուսական խաղաղապահները։
-Ինչո՞ւ։
-Իրանը չի ցանկանում, որ իր սահմանների շրջակայքում լինեն այլ երկրների, ոչ հարևան պետությունների զինված ուժեր։ Թեհրանն ակնհայտորեն շահագրգիռ է նաև, որ ԼՂՀ անվտանգության գոտուց հեռացած ադրբեջանցի բնակչությունը ոչ մի դեպքում և ոչ մի պայմանով չվերադառնա իր նախկին բնակության վայրերը։ Մինչդեռ անգամ ռուսական խաղաղապահների հայտնվելու դեպքում այդ բնակչության որոշակի մասը կարող է և այնտեղ վերաբնակվել, ինչն Իրանին բացարձակապես ձեռնտու չէ։ Թեհրանը չի ցանկանում, որ Իրանի հյուսիս-արևմտյան մարզերի և Ադրբեջանի միջև ընկած տարածությունը կրկին փոքրանա։ Իրանական կողմն իր նախաձեռնությամբ Արաքսի իր ափում ձեռնարկել է անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ թուրքալեզու բնակչությանը ողջ սահմանով մեկ 15 կմ խորությամբ տարհանելու ուղղությամբ։ Ըստ այդմ, իրանական կողմը կարծես չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ նախագծի ստորագրման դեպքում, եթե դրա արդյունքում ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքների հարավային հատվածից դուրս բերվեն հայկական զինված ուժերը, այդտեղ կմտնի իրանական բանակը։
Թեպետ միաժամանակ չի կարելի բացառել, որ հակամարտության կարգավորման ռուսական նախաձեռնության ի հայտ գալուց հետո իրանական կողմի ակտիվ ջանքերի, Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքում կլինի հրավեր երկու երկրների նախագահներին՝ այցելելու Թեհրան։ Բոլորովին չի բացառվում, որ այդպիսի այցելության կազմակերպման պարագայում Իրանի ղեկավարությունը կհամոզի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ Մոսկվայի հռչակագրի նման մի հռչակագիր էլ Թեհրանում ստորագրել։
-Դուք կարծում եք, որ Իրանն այդքան լծակներ ունի՞։
-Կարծում եմ՝ այո, և եթե այդ լծակներն առաջին հայացքից տեսանելի չեն, ապա չի նշանակում, որ պակաս ազդեցիկ են, քան Ռուսաստանի կամ Արևմուտքի պարագայում։ Հայաստանն ու Ադրբեջանն Իրանից շատ ավելի մեծ կախում ունեն, քան կարող են պատկերացնել Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում։ Որովհետև հենց Իրանն է 1994-ի մայիսյան հրադադարից սկսած հանդիսացել ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության հիմնական երաշխավորը։ Չհաշված այս տարվա մարտի իրադարձությունները, երբ Ադրբեջանը փորձեց պայթեցնել իրադրությունը, ինչը, կարծում եմ, պետք է դիտարկել հարավօսական իրադարձությունների հետ նույն շղթայում, քանզի այդ ծրագիրը ՎՈՒԱՄ-ի շրջանակներում պետք է որ հաստատված լիներ։
-Ըստ Ձեզ, ի՞նչ դերակատարության կարող է ձգտել Իրանը տարածաշրջանային լայն առումով։
-Գլխավոր խնդիրը, ինչպես առհասարակ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանի կտրվածքով, էներգետիկ անվտանգությունն է։ ՈՒշադրության է արժանի այն, որ օրերս Բուխարեստում էլ անցկացվեց էներգետիկ հիմնախնդիրներին նվիրված մի կոնֆերանս, ուր ԱՄՆ-ի փորձագետներից մեկը նշել էր, թե ռուսական էներգակիրներին իրական այլընտրանք կարող են հանդիսանալ միայն Իրանի ռեսուրսները։ Իրանի շուրջ հետաքրքրությունն այսօր մեծանում է։ Թեհրանում քառօրյա կոնֆերանսի օրերին անցկացվեց նաև Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների գագաթաժողովը, որտեղ բոլոր ներկայացված երկրները, փաստորեն, համաձայնեցին Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքիի հնչեցրած առաջարկությանը՝ ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ բացառապես ծոցի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։
Եթե Իրանը նման դիրքորոշմամբ է հանդես գալիս արաբական նավթային պետությունների հետ հարաբերություններում, և վերջիններս հակվում են ընդունելու իրանական առաջարկները, ի՞նչը պետք է ստիպի Թեհրանին՝ նույն մարտավարությունը չկիրառել Կովկասում։ Նկատի ունենանք, որ Պարսից ծոցի երկրները, անկասկած, անկախության ավելի մեծ աստիճան ունեն, քան Ադրբեջանը, Վրաստանը կամ Հայաստանը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, նաև ԼՂՀ-ի շուրջ, իրենից ներկայացնում է հակասությունների և դաշնակցային սպասումների կծիկ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն ինչի շուրջ կպայմանավորվեն։ Իհարկե, տարածաշրջանի մյուս ժողովուրդների ճակատագիրն էլ շատ բանով կախված կլինի իրենց գործողություններից։
-Սակայն Իրանը նախագահական ընտրությունների շեմին է։ Ահմադինեժադի նախագահության ժամկետն ավարտվում է, կարծիքներ կան, որ կընտրվի Ալի Լարիջանին, և Իրանի քաղաքականության մեջ հնարավոր են փոփոխություններ ու սրբագրումներ։
-Նախագահի փոփոխությամբ Իրանի արտաքին քաղաքականությունն արմատապես չի փոխվի։ Թեհրանն արդեն հասկացրել է, որ այդ իմաստով շատ բան կախված կլինի Բարաք Օբամայի նոր վարչակազմի կեցվածքից ու դրսևորումներից։ Իրանը չի թաքցնում, որ տարածաշրջանում իր դերի հետ կապված՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ բանակցելու փոխարեն ինքը կնախընտրեր բանակցել ուղղակի ԱՄՆ-ի հետ և հստակեցնել դիրքորոշումները Պարսից ծոցում ու Կովկասում իր դերակատարության առումով։
Հայաստանը, իր ողջ արտաքին քաղաքականության կոմպլեմենտարությամբ հանդերձ, եթե ցանկանում է ինքնուրույն խաղ սկսել տարածաշրջանում, պետք է նկատի ունենա, որ նույնիսկ անուղղակիորեն չպետք է հարվածի Իրանի շահերին, այդ թվում և` Ղարաբաղի հարցում։ Եթե Հայաստանը ստորագրի այնպիսի մի փաստաթուղթ, որը կենթադրի ինչ-որ տարածքների հանձնում, ոչ մի լավ բան պետք չէ սպասել Թեհրանից։ Ինչպես Իրաքում, այնպես էլ Կովկասում, որևէ տերություն չի կարող բացառապես սեփական ուժերի վրա հենվելով հարցեր լուծել և անտեսել Թեհրանի դիրքորոշումը։ Եթե իշխանության գա Ալի Լարիջանին, ինչը միանգամայն հավանական է, չի նշանակում, որ Իրանի սահմանադրությունը դադարում է գործելուց։ Իսկ սահմանադրությամբ երկրի առաջին դեմքն Իրանի հոգևոր առաջնորդն է։ Ժամանակին, երբ նախագահ էր Մոհամմադ Խաթամին, նրան շատերը բնորոշում էին իբրև լիբերալի, սակայն արտաքին քաղաքականության և հատկապես ազգային անվտանգության հարցերում Իրանի դիրքորոշումն այդպես էլ չփոփոխվեց։
-Եթե Հայաստանը մերժի Ղարաբաղի հետ կապված այսօր ասպարեզի վրա եղած նախագիծը, կարո՞ղ է հուսալ աջակցություն Իրանից։
-Իմ կարծիքով, Իրանն այդ կապակցությամբ բարձրաձայն կասի իր ասելիքը։ Եթե անգամ Իրանը կանգնի փաստի առաջ, որ ռուս-թուրքական կամ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների արդյունքում ինչ-որ տարածք է հանձնվում, ինչը, ի դեպ, նույնպես բացառված չէ, քանի որ Թուրքիան ինքնուրույն խաղացող չէ, Թեհրանն ինքը քայլեր կձեռնարկի իր հյուսիսային սահմանի ապահովման ուղղությամբ։
-Վերևում նշեցիք, որ այդ տարածքներ կարող են մտնել իրանական զորքերը, բայց համաձայնեք, որ դա շատ քիչ հավանական սցենար է։
-Ճիշտ հակառակը, դա կլիներ շատ տրամաբանական, եթե առանց Իրանի տեսակետը ճշտելու Մեդվեդևը կամ Օբաման նման ձևով փորձեին հարցեր լուծել` իբր Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար։ Իսկ եթե Հայաստանը հանկարծ շրջադարձ կատարի և կոշտ դիրքորոշում որդեգրելով հայտարարի, որ մտադիր չէ ճնշում գործադրել ԼՂՀ-ի վրա Ստեփանակերտին առաջարկվող զիջումների համատեքստում, ապա Թեհրանից շատ ու շատ հարցերում կարելի է թեկուզ անուղղակի օժանդակություն ստանալ։
Պետք է հստակ արձանագրենք, որ Իրանին բացարձակապես պետք չէ որևէ ձևով Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում, որովհետև Թեհրանն Անկարայի թիկունքում միշտ տեսնում է Վաշինգտոնին կամ Թել Ավիվին։ Իրանին պետք չէ նաև ռուսական ռազմական լայնածավալ ներկայությունն իր սահմանների շրջակայքում։ Թեհրանի վերաբերմունքը Գյումրիում տեղակայված ռուսական բազայի նկատմամբ չեզոք է, որովհետև այն իր սահմանի վրա չի գտնվում։ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող հաշվի չնստել Իրանի դիրքորոշման հետ։ Մանավանդ Ադրբեջանը, որովհետև եթե Հայաստանի նկատմամբ Իրանի ճնշման լծակները հիմնականում տնտեսական են, ապա Ադրբեջանի նկատմամբ առաջին հերթին կգործադրվեն քաղաքական, ռազմաքաղաքական և կրոնական ներգործության միջոցներ։ Դրանից հետո որևէ մեկի համար խիստ դժվար կլինի պնդել, թե Արևմուտքը, Թուրքիան կամ Ռուսաստանն իրավացի էին Իրանի շահերն անտեսելով։ Այդ փորձը որևէ լավ բանի չի հանգեցնի։ Մոսկվայում վերջին դեկլարացիայի ստորագրումն էլ Ռուսաստանի կողմից ավելի շատ ԱՄՆ-ին ուղղված ազդակ էր, քան Թեհրանին։ Ռուսաստանը գիտի Իրանի դժգոհության մասին և հեռանկարում ինքը կսրբագրի այն, ինչը, միգուցե, փորձում էր իրագործել առանց Թեհրանի մասնակցության։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4276

Մեկնաբանություններ